Հայ Դատի Կեդրոնական Գրասենեակը Շատ Վտանգաւոր Կը Նկատէ Ցեղասպանութեան Ժխտման Փաշինեանի Յայտարարութիւնը
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը յայտարարութեան մը միջոցով անդրադարձաւ օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կատարած՝ Ցեղասպանութեան բացայայտ ժխտումի յայտարարութեան: Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, օրեր առաջ, ելոյթ ունենալով Շուէյցարիայի հայ համայնքի մի խումբ անդամների հետ, մի շարք հրահրիչ մեկնաբանութիւններ է արել եւ իրականացրել Ցեղասպանութեան բացայայտ ժխտում: Մասնաւորապէս, վարչապետ Փաշինեանը կասկածի տակ է դրել Օսմանեան կայսրութեան հայ խաղաղ բնակչութեան նկատմամբ ցեղասպանութեան իրագործման պատճառների պաշտօնական դիրքորոշումը` պնդելով, որ աւելի շատ աշխատանք է պէտք անել` հասկանալու համար, թէ «ինչո՞ւ» եւ «ինչպէ՞ս» է տեղի ունեցել իրադարձութիւնը: Յատկանշական է, որ Փաշինեանը կասկածի տակ է դրել նաեւ մեր համայնքներում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքի «ի յայտ գալը»` յայտարարելով. «Ինչպէ՞ս է ստացւում, որ 1939 թ. Հայոց Ցեղասպանութեան օրակարգ չկար, եւ ինչպէս է ստացւում, որ 1950 թ. յայտնուեց Հայոց Ցեղասպանութեան օրակարգը»:
«Այս մեկնաբանութիւնն ուղղակիօրէն համընկնում է թուրքական կառավարութեան կողմից քարոզուող ցեղասպանութեան ժխտման թէզերի եւ ապատեղեկատուական արշաւների հետ, որոնք ակտիւօրէն (աշխուժօրէն) կիրառւում են տարբեր երկրներում ճանաչման ջանքերի դէմ: Մինչ վարչապետը թաքնւում է պարզապէս աւելի շատ տեղեկատուութիւն փնտռելու պատրուակի յետեւում, իրականում այդ հարցադրումը թաքցնում է եղելութեան խեղաթիւրման աւելի խորը շերտը եւ Թուրքիային «զիջումների» շարունակական փորձերը: Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերի նկատմամբ անհաւանական անյարգալից վերաբերմունք է նրանց զոհողութիւնն ու նահատակութիւնը կասկածի տակ դնելը: Դա անարգանք է հայ ժողովրդի հարիւրամեայ ջանքերի հանդէպ, ինչպէս նաեւ պատմաբանների ու գիտնականների, այդ թւում` թուրք, ովքեր զգալի ջանքեր են գործադրել պատմական ճշմարտութեան ճանաչման եւ արդարութեան վերականգման որոնումներում:
«Նախ, «ցեղասպանութիւն» տերմինը (եզրը) գոյութիւն չունէր 1939 թ., քանի որ այն ստեղծուել էր լեհ-հրեայ իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինի կողմից 1944 թ.: Լեմկինը հետագայում առաջ քաշեց թեմայի միջազգային զարգացումը, բազմաթիւ գիտնականներ, այդ թւում` հայեր, առաջ քաշեցին ցեղասպանութեան հարցը` օրակարգում ունենալով նաեւ Հայոց Ցեղասպանութեան խնդիրը: Այս ջանքերը տեղի էին ունենում Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ, երբ միջազգային դիւանագիտական եւ աշխարհաքաղաքական իրավիճակը բացառիկ արագութեամբ զարգանում էր` ՄԱԿի եւ նրա կանոնադրութեան, ինչպէս նաեւ միջազգային դատական ինստիտուտների (հաստատութիւններու) ստեղծմամբ, որոնք առաջնահերթութիւն էին տալիս եւ իրենց առաքելութիւնը կենտրոնացնում ցեղասպանութիւնների կանխարգելման եւ միջազգային այնպիսի նորմերի (չափանիշներու) խթանման վրայ, որոնք արդարադատութիւն եւ պատիժ էին պահանջում մարդկութեան դէմ յանցագործութիւններ կատարողների հանդէպ: Օրինակ «ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասինէ 1948 թ. կոնվենցիան (վեհաժողովը)»: Նման իրավիճակ գոյութիւն չունէր եւ հնարաւոր չէր պատկերացնել 1939ին: Օգտուելով առիթից` Հայկական Սփիւռքը մեծացրեց իր արշաւը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ պատմական իրականութեան հաստատման ուղղութեամբ: Այս ջանքերն իրենց գագաթնակէտին են հասել այն բանից յետոյ, երբ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչուել է հարիւրաւոր միջազգային կառոյցների եւ կազմակերպութիւնների, բազմաթիւ երկրների, Եւրոպական խորհրդարանի, Եւրոպայի խորհրդի եւ ՄԱԿի մակարդակով: Նրա պատմական ճշմարտութիւնը չի կարելի հերքել, ոչ էլ կասկածի տակ դնել հայ ժողովրդի ահռելի ջանքերը` հասնելու այդ ճշմարտութեան ընդունմանը:
«Հետեւաբար, «պատասխանը», թէ ինչ փոփոխութիւններ են տեղի ունեցել օրակարգում, պարզ են եւ հեշտ հասանելի նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտութիւնը: Հրաւիրում ենք վարչապետին խորհրդակցելու նաեւ իր արտաքին գործերի նախարարութեան հետ, որը նոյնպէս պատմականօրէն ջանքեր է գործադրել միջազգային հարթակներում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ: «Ինչո՞ւ եղաւ Ցեղասպանութիւնը» հարցին պատասխանելու համար նախարարութեան պաշտօնական կայքում այս հրապարակման դրութեամբ ասւում է, որ՝ «երիտթուրքերի կառավարութիւնը, յուսալով փրկել թուլացած Օսմանեան կայսրութեան մնացորդները, որդեգրել էր պանթուրքիզմի քաղաքականութիւն (…) հայ բնակչութիւնը դարձաւ այդ քաղաքականութեան իրականացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը: Թէեւ Արեւմտեան Հայաստանից համայն հայութեան տեղահանման որոշումը ընդունուել է 1911 թ. վերջին, սակայն երիտթուրքերը Առաջին Համաշխարհային պատերազմն օգտագործել են որպէս դրա իրականացման յարմար հնարաւորութիւն»: Կայքը նաեւ աւելացնում է մի հետաքրքիր հատուած, ըստ որի ցեղասպանութեան վերջին փուլը համարում է Թուրքիայի կողմից դրա ամբողջական ժխտումը եւ պատասխանատուութեան մերժումը, ինչպէս նաեւ տեղի ունեցած իրադարձութիւնների կեղծումը` ներառեալ պատմական փաստերի կեղծումը, քարոզչական արշաւները, լոբբիինգը եւ այլն:
«Հրաւիրում ենք վարչապետին ծանօթանալու այս պարզ, լայնօրէն մատչելի եւ ընդունուած պատմական փաստերին եւ հասկանալու, որ հակամարտութեան լուծմանը հնարաւոր չէ հասնել զիջումների միջոցով, ընդհակառակը, դա կարող է տեղի ունենալ միայն Թուրքիայի կողմից պատմական իրականութեան պատասխանատուութիւնն ընդունելու դէպքում:
«Մեկնաբանելով ստեղծուած իրավիճակը` ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանն իր խորը հիասթափութիւնն է յայտնել վարչապետի գործողութիւնների վերաբերեալ` դրանք որակելով որպէս «անպատասխանատու»` այնուհետեւ նշելով, որ դա «ամօթ է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի համար»:
«Ցեղասպանութեան այս տեսակի ժխտման եւ պատմական ռեվիզիոնիզմի (վերաքննականութեան) մէջ ներգրաւուելը յանցաւորութեան աստիճանի վտանգաւոր է: Այն ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդը վերջերս է բախուել ցեղասպանական էթնիկ (ցեղային) զտումների եւ ակտիւօրէն ձգտում է պահպանել Արցախի հայկական ժառանգութիւնը, անընդունելի է Ցեղասպանութեան ցանկացած տեսակի ժխտման քարոզչութիւնը: Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային յանձնառութիւնը. պայքար, որը հէնց ցեղասպանութիւնը վերապրածներին թոյլ է տուել կազմակերպուել եւ մոբիլիզացուել (զօրաշարժի ենթարկուիլ) արդարութեան հասնելու իրենց արժանապատիւ իրաւունքի շուրջ: Ցանկացած ժխտողականութիւն պէտք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդէպ ստրկամիտ քաղաքականութիւնը պէտք է անյապաղ փոփոխուի»:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ