Մայիս 28-դ՝ Առաջին Անկախութիւնդ շնորհաւոր Հայրենիք:

28 de mayo de 2024

Երկինքն էր սառել ու չկար Աստուած...
Բայց ահա՛, ահա՛՝ հէքեա՞թ թէ հրաշք,
Ծառացաւ մի մարդ,
Հրաշքից փախած ու հրա՜շք մի մարդ.
Կանգնեց նա դաշտում մեր Արարատեան,
Դիակների մէջ եւ ագռաւների,
Եւ հաւատքն արած պողպատեայ վահան,
Եւ սէրն հայրենեաց մի շեփոր ռազմի՝
Սոված, սարսափած մարդկանցից վհատ
Դարբնեց մի բանակ,
Եւ որպէս ոխից շիկացած երկաթ՝
Խփեց ոսոխի ճակատին անարգ...
Յիշո՞ւմ ես, Աբով, թէ ո՞նց ապրեցան
Հայոց աշխարհի զարմերը վերջին,
Երբ չկար Աստուած, երկինքն էր դաժան,
Յիշո՞ւմ ես կրկին,
Ահեղ Բէլի դէմ ծառացող Հայկին
Եւ նրա թոռան.
Թո՞ռն էր նա Հայկի, զա՞րմը Վարդանի,
Դաւի՞թն էր մանուկ,
Հայոց լեռներում յայտնուած ոգի՞...
Յիշո՞ւմ ես նրա ճակատը պայծառ,
Անունն անթառամ--Մանուկեան Արա՛մ...
Յիշո՞ւ ես ապա.
Դուրս էին խուժել առասպելներից
Նախահայրերի ոգիներն հսկայ
Ու եղել կռուող զօրքին զինակից.-
Հասել էր Սասնոյ Դաւիթը մրրիկ
Ու եղել մարտում
Աննահանջ թափով յաղթող Անդրանի՛կ.
Եկել էր որպէս մի նոր Գայլ-Վահան՝
Նիկո՛լը Դուման.
Եկել էր Մուշե՛ղը Մամիկոնեան
Պահած ճերմակ ձին,
Պահած եւ հոգին, պահած եւ անուն,
Ու փոխած միայն, միայն ազգանուն
Եւ դարձած Մուշե՜ղ մի Աւետիսեան...
Եւ ինչպէս Մանուէլ վէրքերով առատ,
Մահճից եղկ մահուան թմբիրը թօթուած՝
Թամբել էր իր ձին ու դարձել Մուրատ
Մարտիկ մի ահեղ:
Որպէսզի անփայլ մահով չմեռնի
Եւ թողի պայծառ քաջութեան անուն,
Սրտում մեծագործ իր ժառանգների...
Չյիշե՞լ նրանց - Դաշնակ շներին,
Ու դիւցազնութեան լոյս ոլորտներում
Շողացող աստղին վարագո՞յր քաշել.
Չյիշե՞լ , ինչո՛ւ.
Թաղել, ուրանալ անցեալ մի շքեղ
Ու դառնալ գնչու՞...
Յիշո՞ւմ ես ապա.
Երաշտ մի հովտից, անանուն դաշտից,
Պողպատ առ պողպատ
Դարերին նետուած կամուրջ մի հսկայ.-
Օ՜ Սարտարապատ...
Յիշո՞ւմ ես ապա՝
Մոռացուած մի գիւղ, մի խուլ կայարան-
Ղարաքիլիսա
Ու Բաշ-Աբարան...
Քաջալանջ Հայկից թող մինչեւ Տիգրան,
Ու պերճ Տիգրանից մինչ Կարմիր Վարդան,
Ու մինչեւ Գագիկ, ու մինչեւ Թորոս,
Մինչեւ Դաւիթ Բէկ
Եւ մինչեւ, մինչեւ Բաղրամեա՛նն հերոս,
Վե՜ր կենան մի հեղ,
Հողի տակ ապրող մարտիկները մեր
Վե՜ր կենան մի հեղ,
Եւ Արարատից մինչ անհաս երկինք,
Ու երկնքներից դեռ մինչեւ աստղեր,
Ու մինչեւ եթեր,
Ու մինչեւ Աստուա՛ծ.
Ու համբոյր տան ձեզ,
Ու տան ձեզ պատի՛ւ,
Տան փա՜ռք ու պարծանք՝
Հէ՜յ Սարտարապատ
Ղարաքիլիսա՛,
Հէ՜յ Բաշ-Աբարան...
Յիշո՞ւմ ես ապա.
Արիւնից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկուած կտոր մի կապոյտ,
Հասուն հասկերի շող նարնջագոյն,
Եւ վեց դարերի խաւարի վրայ՝
Դրօ՜շ Եռագոյն...

Անդրանիկ Ծառուկեան